


Թումո լաբերը ներկայացնում է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը։ Այն տեխնոլոգիաների ու ինժեներության անվճար հանգույց է, որը կապում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ: 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք կարող է դիմել և սովորել Լաբերի համար հատուկ մշակված` եզակի մեթոդաբանությամբ ծրագրով:
Մեր կրթական ծրագիրը հիմնված է just-in-time (ճիշտ ժամանակին) մեթոդի վրա, ուստի ինքնուսուցման ու գործնական նախագծերի բովանդակությունը անընդհատ փոփոխվում է՝ կանխատեսելով աշխատաշուկայի և ուսանողների կարիքները։
Թումո լաբերի կրթական ծրագիրը կազմված է ուղղորդված ինքնուսուցման և գործնական նախագծերի բաղադրիչներից։ Այս երկու՝ միմյանց փոխլրացնող մեթոդները հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերել գիտելիքներ տեխնոլոգիաների, կիրառական գիտության և ինժեներության ոլորտներում, այնուհետև ամբողջացնել դրանք գործնական հմտություններով։ Արդյունքում ձևավորվում են ժամանակակից աշխատաշուկայի պայմաններին համապատասխան մասնագետներ։
Թումո լաբերի մաս է կազմում նաև ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցի երևանյան մասնաճյուղը` 42 Երևանը: 42-ի կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները: