Թումո լաբերից` VXSoft. Սասունի տասնամյա թումոյական ճանապարհը
22-ամյա Սասունին կարելի է «վետերան թումոցի» կոչել, քանի որ նա անցել է Թումոյի ամբողջական շղթայով՝ Թումո – Թումո լաբեր – 42 Երևան, իսկ այժմ համատեղում է ուսումը՝ ՏՏ ընկերությունում աշխատանքի հետ: Բայց այս ամենի մասին` հերթով:
Սասունը Թումո է սկսել հաճախել 2012-ից` 12-ը լրանալուց անմիջապես հետո, և սովորել է մինչև 2019-ը: Անցած տարի Սասունն ավարտեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և ծրագրավորման խորացված դասընթացների փնտրտուքների արդյունում հայտնվեց նոր բացված Թումո լաբերում: «Ինձ շատ դուր եկավ Թումո լաբերի կոնցեպտը ու քանի որ գիտեի, որ ինքս եմ սովորելու, դասախոսներ չեն լինելու, դիմեցի, եկա ու համարյա ամեն օր` ութ ժամ, անցկացնում էի այստեղ»,- պատմում է Սասունը:
Նախորդ տարի Թումո լաբերը համագործակցություն սկսեց էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ և գործընթացների ավտոմատացմամբ զբաղվող VXSoft ընկերության հետ։ «Մեզ վստահվեց VXSoft-ի Mulberry 2.0 պրոդուկտից օգտվողների վարքագծի վերլուծությունը (User Behaviour Analysis): VXSoft-ը տրամադրեց համապատասխան տվյալները, և վերլուծության արդյունքում ստացանք մի հետաքրքիր բան, որն իրենց էլ դուր եկավ։ Նախագիծը դեռ չավարտված՝ ինձ հրավիրեցին փորձաշրջան անցնելու, ինչից հետո անցա աշխատանքի որպես Junior Software Engineer»:

VXSoft-ում աշխատանքային միջավայրի մասին ոգևորությամբ է խոսում: «Թիմում բոլորն ամեն հարցով օգնում են, յուրաքանչյուր գիտելիքի պակաս լրացվում է նրանց շնորհիվ»:
Սասունը մինչ օրս շարունակում է հաճախել Թումո լաբեր և 42 Երևան: Երկուսում էլ կարևորում է ինքնուսուցման բաղադրիչը: Ասում է, որ ոլորտն այնպիսինն է, որ անընդհատ սովորելը պարտադիր պայման է: «Աշխատանքի ընթացքում փուլ առ փուլ առաջ են գալիս նորություններ, որոնցում անհրաժեշտ է հմտանալ, և Թումո լաբերն ու 42 Երևանը տալիս են այդ հնարավորությունը»:

Ապագա պլաններում նույնպես Թումոն կա. սպասում է, որ ստարտափների համար նախատեսված ծրագիր լինի, որին կդիմի ու կմասնակցի իր ստարտափ թիմով:

Shortcut to the Tech World
Recent Posts
- Ստեփանակերտից Երևան և ավելի հեռուն. Ալեքսանդրի կոդաշատ ուղին
- Պատմություն, հնագիտություն, ծրագրավորո՞ւմ. 42-ցի Անահիտի ճանապարհը դեպի կոդեր և կիբերանվտանգություն
- VXSoft-ի Mulberry 2.0 ծրագրի թարմացում Թումո լաբերի ուսանողների հետ
- 42-ցի Վոլոդյայի խոշոր ցատկը ֆինանսներից` ՏՏ
- Լուիզան` կրթությունից մինչև ինովացիա