Թումո լաբորատորիաները սկսում է իր համագործակցությունը համալսարանների հետ
Դեկտեմբերի 6-ին Թումո Երևանում կայացավ ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի առաջին աշխատանքային հանդիպումը Հայաստանի համալսարանների հետ: Բարձրագույն կրթության, գիտական ինստիտուտների և ՀՀ կառավարության ներկայացուցիչները մանրամասն տեղեկացան Թումո լաբորատորիաների` STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի նոր կրթական նախագծի մասին, ինչպես նաև քննարկեցին համատեղ աշխատանքի հնարավորությունները: ԵՄ Թումո համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, լինելու է համագործակցության հանգույց համալսարանների, բիզնեսի ու հետազոտողների համար:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեսը, ներկայացուցիչներ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Պետական պոլիտեխնիկական համալսարանից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից և Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին Թումո լաբորատորիաների և համալսարանների միջև համագործակցության հնարավորությունները:
Մասնակիցները նաև ծանոթացան Թումո լաբորատորիաների և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ Թումո Երևանում ընթացող նախագծին: Դրա շրջանակներում համալսարանի ուսանողները աշխատում են 10x Engineering ընկերության հետ` ստեղծելու ամբողջովին ավտոմատացված ջերմակառավարման համակարգեր:
«Թումո լաբորատորիաները ԵՄ Թումո համալիրի սիրտն է ու իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես կինտեգրվի տեղի ակադեմիական ու տեխնոլոգիական համայնքում և ինչպիսի օգուտ կտա այդ համայնքին իր միջազգային կապերի ու նորարարական ծրագրերի շնորհիվ»,- իր խոսքում նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
«Նախագիծը շատ լավ հնարավորություն է ուսանողների ու համալսարանների համար: Ուսանողները, մասնակցելով Թումո լաբորատորիաների աշխատանքներին, կստանան հետազոտական արժեքավոր հմտություններ, ինչպես նաև, որպես արդյունք, կունենան պատրաստի նախագիծ: Բացի այդ ԵՄ Թումո համալիրում կգործի ընդհանուր տարածք, որտեղ համալսարանները կկարողանան փոխանակվել իրենց հետազոտական փորձով և սարքավորումներով»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
«Այս ծրագրից ակնկալիքներս շատ մեծ են, — ասում է ԵՊՀ-ի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը, — Մասնավորի ու ակադեմիական շրջանակների արդյունավետ համագործակցությունը կուժեղացնի երկու կողմին էլ, բացի այդ հնարավորություն կստանանք ավելի բարձր մակարդակի հմտություններ տալ ուսանողներին և նույնքան բարձր պահանջներ դնել նրանց առաջ»:
Թումո լաբորատորիաների կրթական ծրագիրն ու դիմումների ընդունումը կմեկնարկի 2020 թվականի հունվարին: Նախագծին կարող է մասնակցել 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Նորարարության ու ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նախագիծը կապեր է ստեղծելու տեղացի ուսանողների, հետազոտողների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և նրանց գործընկերների միջև ամբողջ աշխարհում: Համալիրը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
Recent Posts
- Պատմություն, հնագիտություն, ծրագրավորո՞ւմ. 42-ցի Անահիտի ճանապարհը դեպի կոդեր և կիբերանվտանգություն
- VXSoft-ի Mulberry 2.0 ծրագրի թարմացում Թումո լաբերի ուսանողների հետ
- 42-ցի Վոլոդյայի խոշոր ցատկը ֆինանսներից` ՏՏ
- Լուիզան` կրթությունից մինչև ինովացիա
- Թումո լաբեր և SAP. ուսումնասիրելով և վերլուծելով տվյալները