ԵՄ Թումո համալիրի Թումո լաբորատորիաներ կրթական ծրագրի և Healthcare Innovation Center-ի (HIC) համագործակցությամբ ամիսներ առաջ սկսված Թվային առողջապահություն նախագիծն այժմ առավել քան արդիական է։ Ոլորտի ուսումնասիրություն, խնդիրների վերհանում, այնուհետև դրանց լուծմանն ուղղված միջազգային ստանդարտներին համապատասխան սխեմաների մշակում․ ահա այն փուլերը, որոնք անցել են նախագծի մասնակից ուսանողները։ Սա, իհարկե, Հայաստանի առողջապահական ոլորտն ու թվային տեխնոլոգիաները միավորելուն ուղղված մի մեծ ծրագրի քայլերից մեկն էր, որի նպատակն էր բացահայտել երիտասարդ ծրագրավորողներին, նրանց ծանոթացնել ոլորտի նորարարական մոտեցումներին և ստեղծել վեբ֊հավելված, որը հետագայում կարող է օգտագործվել բժշկական հաստատություններում։
«Հայաստանում դասավանդում են հիմնականում տեխնոլոգիաներ, որոնք կտրված են իրական արդյունաբերությունից, այսինքն՝ մասնագետները միայն տեխնիկական խնդիրներ են լուծում՝ հաճախ հաշվի չառնելով տվյալ ոլորտի ներկայացուցիչների տեսակետները։ Չկա բազմամասնագիտական կրթություն և երբ ծրագրավորողը խոսում է, օրինակ, տնտեսագետի կամ առողջապահական համակարգի աշխատակցի հետ, լուծման առարկան ճիշտ հասկանալու համար, ունենում է դժվարություններ։ Հենց այս պատճառով Թումո լաբորատորիաների հետ մշակեցինք նախագիծ, որն ուսանողներին հնարավորություն տվեց շփվել տարբեր մասնագետների հետ, հասկանալ նրանց կարիքները, պատկերացում կազմել ընդհանուր ոլորտի մասին և միայն վերջում տալ տեխնիկական լուծումներ»,֊ ասում է ինժեներ֊ծրագրավորող և HIC խորհրդի անդամ Արթուր Ղուլյանը։
Նախագծի մասնակիցներից շատերի համար ոլորտը նոր էր, սակայն դասընթացավարների պարզ ու մատչելի ներկայացումների, ինչպես նաև թիմային աշխատանքի արդյունքում նրանք կարողացան ստեղծել միջազգային FHIR ստանդարտին համապատասխան պացիենտների գրանցման և բժշկի հետ տեսակցության պայմանավորվածություն ձեռք բերելու վեբ-հավելված:
«Ունեինք երկու խումբ և համապատասխանաբար երկու առաջադրանք։ Մենք թվայնացրել ենք անկետայի լրացման գործընթացը՝ ձեռագիր գրելու փոխարեն բժիշկներին տալով արդեն առկա տարբերակներից իրենց ցանկալի բաժինը ընտրելու հնարավորություն։ Մեր խումբը վեբ֊հավելվածը ստեղծելու համար օգտագործել է Java, Spring Boot, Maven, իսկ front-end -ի համար՝ JSX,- անդրադառնալով իրենց խմբի աշխատանքին ասում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Լիլիթ Հովհաննիսյանը, ով ծրագրավորում ինքնուրույն է սովորել,- երբեք սկզբից մինչև վերջ նախագիծ չէի գրել՝ քայլ առ քայլ, ինչը արեցի այստեղ՝ սկսեցի փոքր քայլերից և դարձրի վերջնական նախագիծ»։
Ի տարբերություն առաջինի` երկրորդ խումբը բժշկի հետ տեսակցության պայմանավորվածություն ձեռք բերելու վեբ-հավելվածը ստեղծելու համար օգտագործել է C# ծրագրավորման լեզուն և Microsoft .NET Core միջավայրը: Այստեղ կա երկու բաժին՝ բժիշկներ և պացիենտներ։ Բժիշկը մուտք գործելով տեսնում է այդ օրվա իր ժամանակացույցը՝ քանի այցելու ունի, ժամը քանիսին, ինչպես նաև լրացուցիչ տվյալներ։ Իսկ պացիենտի բաժնում հնարավորություն կա ստուգելու՝ որ ժամին ու օրն է ազատ բժիշկը։
«Համակարգի միջոցով հնարավոր կլինի ազատվել բժշկական հաստատություններում կուտակվող հերթերից։ Պացիենտը սպասելու կարիք այլևս չի ունենա, այլ միանգամից կգրանցի օր, ժամ և կմոտենա։ Բայց ինչ արել ենք ամբողջական համակարգի ստացման ընդամենը մի փոքր մասն է, սա դեռ պետք է զարգացվի»,֊ ներկայացնելով իրենց կատարած աշխատանքի արդյունքն ասում է Արտաշես Տեր֊Աբրահամյանը։
Նախագծի ընթացքում մասնակիցներից Լիլիթն իր համար նոր հետաքրքիր ոլորտ բացահայտեց՝ որոշել է մասնագիտանալ հենց առողջապահական թվայնացման մեջ, կարծես դասընթացավարներն էլ էին նկատել նրա մեջ այդ ցանկությունն ու պոտենցիալը՝ նրան HIC-ում փորձաշրջան անցնելու առաջարկ արեցին։ Լիլիթն այսուհետ մի մեծ ծրագրի՝ HiCare-ի մաս է կազմելու։ «Նախագծի ընթացքում մեր կատարած աշխատանքները HiCare֊ի մի մասն էին կազմում, սա ոլորտը ավելի լավ պատկերացնելու, փորձ ձեռք բերելու և նախորդ երեք ամսում ոլորտի վերաբերյալ ստացած տեսական գիտելիքը օգտագործելու հիանալի հնարավորություն է»,֊ աշխատանքի առաջարկը ստանալուց հետո ոգևորությամբ կիսվում է նա։
Ամփոփելով և գնահատելով նախագծի արդյունքները՝ Թումո լաբորատորիաների և HIC ներկայացուցիչներն արդեն քննարկում են հաջորդ՝ ավելի երկարատև նախագիծ սկսելու հեռանկարները։ Այնպես որ, Թումո լաբերի մասնակցությամբ առողջապահական համակարգի թվայնացման գործընթացները դեռ շարունակվելու են։
