
Ալեքսանդրի պատմությունն առաջին հայացքից ծրագրավորման ոլորտում հաջողության հասնելու սովորական պատմություն է, բայց շատ առումներով այն սովորական մարդկային երևույթները (ինչպես օրինակ՝ պրոֆեսիոնալ աճի ձգտելը) խիստ հայկական երևույթների հետ համատեղելու մասին է: Իսկ «խիստ հայկական երևույթներ» ասելով նկատի ունենք գոյատևման վտանգի ներքո ինքնորոշման ձգտումը և հայրենիքի՝ Արցախի կորստի պայմաններում հայրենքին ծառայելու ցանկությունը:
Ալեքսանդրը Թումո Ստեփանակերտի առաջին ուսանողներից է: Հիշում է, թե ինչպես ծրագրավորումն ու կայքերի մշակումն ընտրեց որպես իր առաջին թումոյական ոլորտներ ու որքան արագ հասկացավ, որ հենց այս ոլորտներն են իրենը:
Շարունակելով ծրագրավորման ուղին՝ Ալեքսանդրն ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան՝ ընտրելով համակարգչային գիտություն մասնագիտացումը: Իսկ ուղին մի փոքր ավելի բարդացնելու համար շուտով ընդունվեց նաև 42 Երևան:
«Այս երկուսը շատ լավ լրացնում են իրար», – ասում է Ալեքսանդրը: 42 Երևանում նախագծերի վրա աշխատելիս օգնության են հասնում համալսարանում ձեռք բերած մաթեմատիկայի գիտելիքները, 42-ն էլ իր հերթին օգնում է համալսարանի տեսական կրթությունը պրակտիկ փորձի վերածել:
Չորրորդ կուրսեցի Ալեքսանդրը լավագույն ուսանողների շարքում է ինչպես համալսարանում, այնպես էլ 42 Երևանում. միաժամանակ երկու կրթություն ստանալը իրապես արդյունք է տալիս: Երկու տարի ծրագրավորման լավագույն դպրոցում սովորելուց և հիմնական ծրագիրն անցնելուց հետո Թումոյի շրջանավարտը շարունակում է ակտիվորեն մասնակցել 42-ի նախագծերին:

Պատահական չէ, որ Ալեքսանդրի կոդաշատ ճանապարհը խաչվեց բժշկական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Align Technology ընկերության հետ. 42 Երևանը Align-ի առաջին «կանգառներից» էր Հայաստանում: Ալեքսանդրի և Align-ի ծանոթությունը տեղի ունեցավ 42-ում ընկերության կողմից անցկացված թրեյնինգների շրջանակում, որոնց ընթացքում էլ Ալեքսանդրը սկսեց լրջորեն մտածել աշխատանքային փորձ ձեռք բերելու մասին:
Աշխատելու ձգտումը պայմանավորված էր ոչ միայն կարիերան սկսելու ցանկությամբ, այլ նաև շրջափակման հետևանքով հայրենի Արցախում ստեղծված դժվարին դրությամբ: Ալեքսանդրը պարզապես չէր կարող բաց թողնել Align-ում վճարովի պրակտիկա անցելու և առօրյա ծախսերը սեփական ուժերով հոգալու հնարավորությունը:
Ալեքսանդրի համար մեծ հպարտություն է իր գիտելիքները գործի դնել աշխատավայրում: Հույս ունի, որ Align-ում մեծ առաջընթաց կունենա և «գոնե senior software developer» կդառնա: Առաջընթացի ձգտումը տարածվում է ոչ միայն աշխատանքի, այլ նաև ուսման վրա. երիտասարդը մեծ ցանկություն ունի մագիստրոսական կրթություն ստանալ արտասահմանում: Իսկ դեպի ավելի հեռուն նայելով՝ իր ապագան տեսնում է խաղերի մշակման աշխարհում: «Խաղերը կարող են փոխել մարդու մտածելակերպը», – ասում է Ալեքսանդրը, – «Ես շատ կցանկանայի աշխատել խաղերի վրա»:
Ալեքսանդրի պատմությունն առաջին հայացքից ծրագրավորման ոլորտում հաջողության հասնելու սովորական պատմություն է, բայց շատ առումներով այն սովորական մարդկային բաները (ինչպես օրինակ՝ պրոֆեսիոնալ աճի ձգտելը) խիստ հայկական բաների հետ համատեղելու մասին է: Իսկ «խիստ հայկական բաներ» ասելով նկատի ունենք գոյատևման վտանգի ներքո ինքնորոշման ձգտումը և հայրենիքի՝ Արցախի կորստի պայմաններում հայրենքին ծառայելու ցանկությունը:
Արցախի ցավալի կորստից հետո հայրենիքին օգտակար լինելու, երկիրը հզորացնելու Ալեքսանդրի ձգտումն ավելի մեծ կարևորություն և հրատապություն է ստացել: «Հիմա հենց այն պահն է, երբ բոլորս պետք է փորձենք օգնել մեր հայրենիքին: IT ոլորտը շատ լավ հնարավորություններ է տալիս Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար. Խոշոր կազմակերպությունները գալիս են Հայաստան, աշխատատեղեր են ստեղծում և խթանում են տնտեսության աճը: Միակ ձևը, որով ես կարող եմ օգնել, ավելի շատ աշխատելն ու աշխատածս Հայաստանին նվիրաբերելն է», – ասում է Ալեքսանդրը:
Ըստ Ալեքսանդրի, նվիրատվություն կատարելու ամենատրամաբանական վայրերն այն հաստատություններն են, որտեղ կրթվում և զարգանում է Հայաստանի ՏՏ ոլորտի (և այդ միջոցով՝ երկրի տնտեսության) ապագան կառուցող սերունդը, մասնավորապես՝ Թումոն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Երիտասարդ ծրագրավորողը հուսով է, որ մի օր իր անունը կտեսնի այս կրթական հաստատությունների դոնորների ցանկում:
Recent Posts
- Գաղափարից ազդեցություն. Avitráge-ի մեկնարկը Թումո լաբերում
- Վիկտորյա Մշեցյան․ ուղղորդված ինքնուսուցումից մինչև Service Titan
- Տարոն Հարությունյանն ընտրել է համալսարանի այլընտրանքը, որը հաջողել է
- Հարց ու պատասխան AgriTech մենթոր Լևոն Մինասյանի հետ
- Կատարյալ եռյակ՝ դոկտոր Նիկոլայ Բորիսով, Vivan Therapeutics և Թումո լաբեր

