TUMO Labs

Դեպի 42 Երևան և առաջ. Վլադիմիր Խլղաթյանի կրթական ուղին

Դեպի 42 Երևան և առաջ. Վլադիմիր Խլղաթյանի կրթական ուղին

Վլադիմիր Խլղաթյանի ճանապարհորդությունը սկսվել է Սևանա լճի հարավային ափին տեղակայված գողտրիկ Ծակքար գյուղում։ Այս ճանապարհը լի էր անսպասելի շրջադարձերով՝ տնտեսագիտության և բանկային ոլորտներից մինչև ծրագրավորման եռուն աշխարհ։ Իր երազանքներին հետևելու և մասնագիտական առաջընթացը խթանելու համար Վլադիմիրից պահանջվել է ուժեղ կամք և ոգի, հատկապես այն պահերին, երբ ժամանակը և հանգամանքները իր օգտին չէին աշխատում։

Վլադիմիրի բնատուր ընդունակությունները, մաթեմատիկայով ու ֆիզիկայով հետաքրքրվածությունը և ակադեմիական հաջողությունները հուշում էին համակարգչային գիտությունների ոլորտում ապագայի մասին: Այնուամենայնիվ, 2000-ականների սկզբին Հայաստանի տեխնոլոգիական լանդշաֆտը իր զարգացման վաղ փուլերում էր։ Ոլորտի ներուժը այդքան էլ որոշակի չէր, որքան մեկ տասնամյակ անց։ Այսպիսով, Վլադիմիրը շարունակեց մասնագիտանալ տնտեսագիտության մեջ, ի վերջո զբաղեցնելով ՎՏԲ Բանկի բիզնեսի պլանավորման և զարգացման ղեկավարի պաշտոնը։

Սակայն ծրագրավորման հանդեպ Վլադիմիրի հետաքրքրությունը ոչ մի պահ չի մարել: Այն էլ ավելի վառ կայծկլտաց, երբ նա որոշեց դիմել 42 Երևանի ծրագրին։ Չնայած մշտական աշխատանքին ՝ Վլադիմիրը, վստահելով 42 Երևանի առաքելությանը, առանց երկմտելու դիմեց և համալրեց Ավազանի փուլում ընտրված ծրագրավորողների շարքերը ՝ ևս մեկ քայլով մոտենալով իր երազանքին։

Ըստ Վլադիմիրի ՝ իր ճանապարհին դժվարությունները քիչ չէին, բայց նաև քիչ չէին դրանց հաջորդող բարիքները։ 42 Երևանում նա հայտնաբերեց ուսումնական ծրագիր և համայնք, որի ուժը միասնության և փոխադարձ աջակցության մեջ էր։ Այս դասավանդման մոդելը ոչ միայն խորացրեց իր գիտելիքները ՝ այլև խթանեց նոր կապեր և նպաստեց էլ ավելի նպատակասլաց լինելուն։

42 Երևանում անցկացրած իր ժամանակի և դասընթացավարների մասին խոսելիս Վլադիմիրի աչքերն ակնածանքով են փայլում: Նրանց հոգատարությունը, մասնագիտական խորհուրդները և սեփական ուժերի հանդեպ սերմանած հավատքը օգնեցին յուրաքանչյուր մարտահրավերի մեջ տեսնել աճի երաշխիք։

Վլադիմիրի ճանապարհորդությունը չավարտվեց 42-ի ավարտական նախագծով. այն ընդամենը նրա փոխակերպման սկիզբն էր: Գիտակցելով իր նոր «արհեստը» մանրակրկիտ ուսումնասիրելու անհրաժեշտությունը, նա ևս մեկ համարձակ քայլ արեց։ Վլադիմիրը թողեց իր մշտական աշխատանքը և ամբողջությամբ նվիրվեց 42-ին և համակարգչային ճարտարագիտությանը։

Արդեն մեկ տարի հիմնական ուսումնական ծրագրում ներգրավված լինելով ՝ Վլադիմիրը սկսեց աշխատանք փնտրել ոլորտում և հայտնվեց Microchip Technology Incorporated-ում, որը կիսահաղորդչային լուծումների համաշխարհային առաջատարն է: Այստեղ, առաջադեմ տեխնոլոգիաների և անսահման հնարավորությունների խաչմերուկում, Վլադիմիրը գտել է իր տեղը որպես FPGA-ի զարգացման ծրագրային ապահովման ինժեներ:

Այսօր Վլադիմիրի ձգտումները պարզ են ՝ դառնալ գերազանց ծրագրային ինժեներ և իր ներդրումը ունենալ Հայաստանի ծաղկող տեխնոլոգիական էկոհամակարգի մեջ: Նրա ճանապարհորդությունը լցված է քաջությամբ և վճռականությամբ ՝ ապացուցելով, որ դեպի երազանքներ տանող ճանապարհն ընտրելուց պետք է լինել համարձակ։

Վլադիմիրի պատմության մեջ 42 Երևանը հասարակ կրթական հիմնարկ չէ, այլ կերպարանափոխման շարժիչ ուժ ՝ վայր, որտեղ ցանկությունն ունի ուղղություն և նպատակ։

Ինչքան շատ են քայլերը, այնքան վստահ ես առաջ շարժվում ՝ փորձելով, ձախողելով և սովորելով։ Գուցե քո հաջորդ քայլը սա՞ է ՝ https://apply.42yerevan.am/