TUMO Labs

Ծանոթացե՛ք DemTech Sprint-ի փորձագետ Տաթև Խաչատրյանի հետ

Ծանոթացե՛ք DemTech Sprint-ի փորձագետ Տաթև Խաչատրյանի հետ

Ժողովրդավարության և տեխնոլոգիաների միջև կապը բացահայտելու լավագույն միջոցը մեր DemTech Sprint-ին մասնակցելն է, իսկ այս նախագծի մաս դառնալու կարևորագույն առավելություններից մեկը՝ UI/UX դիզայներ Տաթև Խաչատրյանից սովորելու հնարավորությունը:

Տաթևը յուրահատուկ ճանապարհ է անցել. դիզայնի հմտություններից բացի, DemTech-ի փորձագետը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 12 տարվա փորձ ունի:

«Առաջին մասնագիտությամբ ես սոցիալական քաղաքականության մասնագետ եմ: 12 տարի աշխատել եմ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Միևնույն ժամանակ, միշտ հետաքրքրվել եմ դիզայնով. աշխատել եմ կարուձևի և հագուստի դիզայնի ոլորտում և անգամ իմ սեփական ատելյեն եմ ունեցել»:

Բազմապրոֆիլ փորձագետի ստեղծարարությունը այսքանով չի սահմանափակվում. նա նաև տրաֆարետային տպագրության փորձ ունի (որտեղից էլ եկել է սերը վիզուալ արվեստի հանդեպ):

«Դիզայնի աշխարհն ուսումնասիրելու արդյունքում կանգ առա UI/UX դիզայնի վրա: Այս ոլորտն իրականում այնքան հեռու չէ իմ մասնագիտությունից՝ սոցիոլոգիայից, որքան կարող է թվալ: Հակառակը, UI/UX-ը ներառում է գրեթե այն ամենն, ինչ սովորել էի սոցիոլոգի մասնագիտությունը ձեռք բերելիս: Այդ պատճառով էլ որոշեցի, որ սա կատարյալ ընտրություն կլիներ»:

Երազանքներն իրականություն դարձնելու համար Տաթևը սկսեց ինքնուրույն UI/UX սովորել և շուտով բացահայտեց, որ արդեն հմտացել է այս ոլորտում:

  • Ինչպե՞ս:
  • ՏՏ ոլորտում մի քանի պրակտիկայի (նույն ինքը՝ internship) մասնակցելուն զուգահեռ մենթորների հետ աշխատելով և Google-ի կուրսեր անցնելով:

Երկու տարի է, ինչ Տաթևն աշխատում է այս ոլորտում, իսկ հմտությունները կատարելագործելու ձգտումը դեռևս չի մարում:

«Զգում էի, որ ինչ-որ բան պակասում է: Այդ պատճառով էլ դիմեցի մի քանի բուհական ծրագրերի և ընդունվեցի UX մենեջմենթի ծրագիր Գերմանիայում, որը կսկսեմ հոկտեմբերից»:

Ի՞նչ կապ ես տեսնում ժողովրդավարության և UI/UX-ի միջև:

«Դիզայնը կապ ունի բոլոր ոլորտների հետ: Իսկ DemTech Sprint-ի համատեքստում ամեն ինչ էլ ավելի կապված է ինձ համար, քանի որ կարիերաս սկսել եմ որպես մարդու իրավունքների փորձագետ: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը զգալի բացեր ունի, և տեխնոլոգիաները կարող են օգնել մեզ դուրս բերել այս բացերն ու աշխատել կառավարության և այլ կառույցների հետ՝ լուծումներ գտնելու համար»:

Սա ժողովրդավարության և տեխնոլոգիաների հատման ընդամենը մեկ օրինակ է: Միացե՛ք մեր DemSprint-ին և կառուցե՛ք ձեր սեփական կապերը այս երկու աշխարհների միջև:

DemTech Sprint-ը ծրագրավորման 5-շաբաթյա սպրինտ է, որի մասնակիցները աշխատելու են մարդու իրավունքների, ժողովրդավարության, տեխնոլոգիաների, դիզայնի և այլ ոլորտների մասնագետների հետ՝ ժողովրդավարության խթանմանն ուղղված տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ:

Ավելին իմանալու և դիմելու համար այցելե՛ք https://tumolabs.am/demtech-sprint/

Իսկ որպես նախագծին մասնակցելու «կողմնակի էֆեկտ»՝ հնարավորություն կունենաք Տաթևի հետ քննարկել իր բազմաթիվ հոբբիներն ու հետաքրքրությունները՝ լեռնագնացությունից մինչև բալետ, մեդիտացիա և յոգա: