TUMO Labs

Կատարյալ եռյակ՝ դոկտոր Նիկոլայ Բորիսով, Vivan Therapeutics և Թումո լաբեր

Կատարյալ եռյակ՝ դոկտոր Նիկոլայ Բորիսով, Vivan Therapeutics և Թումո լաբեր

Թումո լաբերի հիմքում նորարարությունը, փորձարարությունն ու աշխարհը փոխել ցանկացող անհատներին ու նախագծերին միավորելու ձգտումն է: Vivan Therapeutics-ի և Թումո լաբերի համատեղ նախագիծն այս ամենի կատարյալ մարմնավորումն է:

Նախագծի շրջանակում բիոտեխնոլոգիաներով զբաղվող միջազգային ստարտափը, կենսաինֆորմատիկայի ոլորտի հեղինակավոր գիտնականն ու Թումո լաբերի ուսանողները միավորել են ուժերը՝ մեքենայական ուսուցման օգնությամբ ստեղծելու աշխարհ, որտեղ քաղցկեղ ունեցող անձիք ստանում են անհատականացված խնամք:

Նախագծի ղեկավար Նիկոլայ Բորիսովի քաղցկեղի բուժման ու խնամքի մոտեցումը հիմնված է տրամաբանության, գործնականության և յուրաքանչյուր անհատի կարիքներին համապատասխան լուծումներ գտնելու նվիրվածության վրա: Դոկտոր Հանս Բայնդերի հայտնի «Մենք պետք է բուժենք անհատին, ոչ թե հիվանդությունը» պնդումը թերևս լավագույնս է նկարագրում այս փիլիսոփայությունը:

Նախագծի մասնակից ուսանողների հետ տվյալների ճկուն կրճատման իր մեթոդները կիսելով՝ դոկտոր Բորիսովն օգնում է նրանց ոչ միայն պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել, այլ նաև իրական ազդեցություն գործել այս ոլորտի վրա:

Մասնավորապես, նախագիծը համատեղում է մեքենայական ուսուցման մեթոդները ճանճերի in vivo թեստավորման հետ՝ բուժման արդյունքների կանխատեսման ճշգրտությունը բարձրացնելու և խնամքի անհատական ծրագրեր մշակելու համար:

Մասնակիցներն արդեն սկսել են ինտեգրել Python-ի և մեքենայական ուսուցման իրենց բազային հմտությունները՝ հիմնվելով Vivan Therapeutics-ի ներկայիս հետազոտությունների վրա:

Քաղցկեցի բուժման անհատականացումը սովորաբար հիմնվում է In vitro (լաբորատորիայում) թեստավորման վրա, որը չի ապահովում ճշգրիտ կանխատեսումներ: Խնդիրը լուծելու համար որոշ կազմակերպություններ օգտագործում են մկներ, բայց այդ գործընթացը չափազանց ժամանակատար և ծախսատար է:

Ահա, թե ինչու է Vivan Therapeutics-ը օգտագործում արհեստականորեն աճեցված ու քաղցկեղ ունեցող ճանճեր՝ ճանճ-ավատարներ: Այս ավատարները թեստավորվում են տարբեր դեղամիջոցներով՝ տեսնելու, թե որոնց վիճակն է բարելավվում:

Այնուամենայնիվ, այս մեթոդը չի բացառում սխալները և ունի մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների օգնությունը:

Հենց սա է դոկտոր Բորիսովի դերը:

Տասը տարի առաջ բիոինֆորմատիկայի ոլորտում իր հետազոտական գործունեությունը սկսելուց հետո դոկտոր Բորիսովն անցավ անհատականացված բժշկության և շուտով եկավ այն եզրակացության, որ անհատականացված բուժումը հնարավոր չէ առանց մեքենայական ուսուցման տարբեր մեթոդների կիրառման: Միևնույն ժամանակ, բացահայտ էր, որ մեքենայական ուսուցումը պետք է կիրառվի խիստ զգուշությամբ:

Դոկտոր Բորիսով, ինչպե՞ս ներգրավվեցիք այս նախագծում:

«Ամեն ինչ սկսվեց երկու զանգով՝ մեկը Գերմանիայից՝ «Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի» նախագահ դոկտոր Հանս Բայնդերից, իսկ մյուսը՝ նույն ինստիտուտի տնօրեն դոկտոր Լիլիթ Ներսիսյանից:

Երկուսն էլ ինձ հրավիրում էին Հայաստան՝ միանալու Vivan Lab-ին և նպաստելու անհատականացված ուռուցքանության ուղղությամբ տարվող աշխատանքներին տվյալների ճկուն կրճատման իմ մեթոդների կիրառմանբ: Այս մեթոդները մշակել էի իմ լաբորատորիայում՝ արդյունաբերական նպատակներով օգտագործելու համար (մինչ այդ, դրանք միայն ակադեմիական նպատակներով էին կիրառվում):

Հաջորդիվ, 2023թ.-ի սեպտեմբերին տեղափոխվեցի Երևան՝ «Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտում» նոր լաբորատորիա հիմնելու նպատակով»:

Իսկ հետագայում նախագիծը Թումո լաբերի հետ շարունակելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ Թումո լաբերը գտնվում է Հայաստանում տեխնոլոգիական նորարարության առաջնագծում և գործում է պետական ​​կառույցներից անկախ:

Ո՞րն է Ձեր հիմնական դերը նախագծում:

«Մենք օգտագործում ենք մեքենայական ուսուցումը դեղորայքային բուժումն անհատականացնելու համար: Մենք թեստավորումներ ենք իրականացնում ճանճ-ավատարների օգտագործմամբ, իսկ առավելագույն ճշգրտության համար կիրառում ենք մեքենայական ուսուցում: Սա հակաքաղցկեղային արդյունաբերության և անհատականացված ուռուցքաբանության ոլորտում մեքենայական ուսուցումն օգտագործելու առաջին տարին է:

Թումո լաբերի հետ իրականացվող մեր նախագծի նպատակն է վերապատրաստել այն երիտասարդներին, ովքեր արդեն ունեն Python-ի և մեքենայական ուսուցման հմտություններ և մասնագիտանում են կիրառական մաթեմատիկայի, համակարգչային գիտությունների, ծրագրավորման և այլ որոլտներում»:

Երկու նոր մասնակիցներ են վերջերս միացել Թումո լաբերի և Vivan Therapeutics-ի նախագծին՝ դոկտոր Բորիսովի հետ աշխատելու և նրանից սովորելու համար: Մեզ համար պատիվ է Հայաստանի երիտասարդներին տրամադրել մասնագիտական ​​աճի հնարավորություններ՝ լինելով ինժեներական և տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն:

Դոկտոր Բորիսովի համագործակցությունը Թումո լաբերի և Vivan Therapeutics-ի հետ բեկումնային է իր օրիգինալությամբ, նշանակությամբ և ազդեցությամբ: Հուսով ենք, որ նախագիծը ճանապարհ կհարթի դեպի ավելի արդյունավետ բուժում բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:

Այն հատուկենտ ժամերին, երբ դոկտոր Բորիսովը զբաղված չէ աշխարհը բարելավելուն ուղղված աշխատանքներով, նա սիրում է կարդալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ, ճամփորդել և լսել խորհրդային ժամանակների ռոք աստղ Յուրի Չեվչուկին և DDT խմբին: