TUMO Labs

Սոնա Մուրադյան. երազանքի իրականացում ծրագրավորման, 42 Երևանի և ՀԿՀ-ի օգնությամբ

Սոնա Մուրադյան. երազանքի իրականացում ծրագրավորման, 42 Երևանի և ՀԿՀ-ի օգնությամբ

Ծանոթացե՛ք, Սոնա:

Դեպի ծրագրավորման աշխարհ տանող՝ Սոնա Մուրադյանի ճանապարհը նույնքան էկլեկտիկ է, որքան հրազդանցի ուսանողի բազմազան հետաքրքրությունները: Եկե՛ք բացահայտենք Սոնայի արկածները 42 Երևանում և տեսնենք, թե ինչպիսի կարևոր դեր է խաղում Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) նրա մասնագիտական զարգացման գործում:

Ոչ այնքան ուղիղ ուղին

Ինչպես Սոնայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից շատերը, ծրագրավորման ոլորտ մուտք գործելու ընթացքն իր իսկ խոսքերով «խառն» է եղել: Ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռ լիովին չէր կողմնորոշվել, երբ որոշեց դիմել 42 Երևան և փորձել ուժերը ծրագրավորման ոլորտում: «Փորձում եմ ծրագրավորումը՝ տեսնելու համար, թե արդյոք այն ինձ համար է, արդյոք հենց սա է իմ մասնագիտությունը»:

Ծանոթությունը 42-ի հետ

Ամեն ինչ սկսվեց պատահաբար: 42 Երևանին Սոնան հանդիպեց մի գովազդի միջոցով, որը նրան գրավեց ոչ միայն ծրագրավորում սովորելու հեռանկարով, այլ նաև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությամբ: Կրթաթոշակի բացակայության դեպքում Սոնան չէր կարողանա սկսել այս հետաքրքիր ճանապարհը իր խիտ գրաֆիկի պատճառով: «Եթե չլիներ ՀԿՀ-ի կողմից ֆինանսավորվող կացարանը, Երևանում ապրելու հնարավորություն չէի ունենա և ստիպված կլինեի ամեն օր տուն վերադառնալ, իսկ 42-ում սովորելու ժամանակ պարզապես չէր մնա», – ասում է Սոնան:

Հավատալով սեփական ուժերին

Ընդունելության հայտը մինչև վերջին պահը ընտանիքից գաղտնի պահելով՝ Սոնան սպասել է դրա հաստատմանը՝ լավ նորությամբ բոլորի հետ կիսվելու համար: Համալսարանում մարքեթինգ ուսանելուն զուգահեռ 42 Երևանում ծրագրավորում սովորելու որոշումը սեփական ուժերին հավատալու և խաղերի մշակման ոլորտի հանդեպ սիրո դրսևորում էր: Հենց մարքեթինգի և խաղերի մշակման խաչմերուկներում է Սոնան պատկերացնում իրն ապագան:

42 Երևանը իրականում

42-ի հանդեպ ի սկզբանե ունեցած թերահավատությունը անհետացավ յուրօրինակ կրթական միջավայրին ծանոթանալու առաջին րոպեներից: Չնայած համալսարանական ուսման ընթացքում ծրագրավորման հանդեպ ունեցած ժամանակավոր անտարբերությանը, Սոնան որոշեց ևս մեկ անգամ իրեն փորձել այս ոլորտում և անմիջապես սիրահարվեց դրան՝ հատկապես ոգևորվելով 42 Երևանի peer-to-peer մոտեցումով:

Երախտագիտություն ՀԿՀ-ին

Սոնան խորապես շնորհակալ է Հայ կրթական հիմնարկությանը` ֆինանսական և բնակարանային աջակցության համար: «Առանց ՀԿՀ օգնության ես 42-ում չէի լինի», – ասում է երիտասարդ ծրագրավորողը:

Նայելով առաջ

Ավելի ու ավելի շատ սիրելով ծրագրավորումը որպես մասնագիտություն՝ Սոնան վստահ է, որ իր ապագան հենց այս ոլորտում է կառուցելու: Մարքեթինգի և կոդավորման հմտությունների յուրահատուկ համակցությունը միանշանակ հետաքրքիր կարիերա է խոստանում այս երիտասարդ ծրագրավորողի համար:

Միավորելով ուժերը՝ 42 Երևանն ու ՀԿՀ-ն իրականություն են դարձնում առաջատար ծրագրավորողների նոր սերնդի կրթական և մասնագիտական երազանքները: Սոնայի պատմությունը կատարյալ օրինակ է նրա, թե ինչ է տեղի ունենում, երբ հանդիպում են նպատակասլացությունն ու հնարավորությունը: