TUMO Labs

Պատմություն, հնագիտություն, ծրագրավորո՞ւմ. 42-ցի Անահիտի ճանապարհը դեպի կոդեր և կիբերանվտանգություն

Պատմություն, հնագիտություն, ծրագրավորո՞ւմ. 42-ցի Անահիտի ճանապարհը դեպի կոդեր և կիբերանվտանգություն

28-ամյա Անահիտ Հայրապետյանը 42 Երևանի փորձառու ուսանողներից է, բայց, որքան էլ զարմանալի է, ծրագրավորումը նրա առաջին ընտրությունը չի եղել: Թե ինչպես պատմաբանը, որը ցանկանում էր դառնալ հնագետ, ի վերջո որոշեց գնալ կիբերանվտանգության հետքերով, փորձել ենք պարզել հենց նրանից:

«Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, քանի որ պատանի տարիքում սիրում էի պատմություն: Հետագայում ուզում էի հնագետ դառնալ, սակայն չշարունակեցի այդ ուղղությամբ, որովհետև Հայաստանում ոլորտն այնքան էլ չի զարգանում: Որոշեցի ընտրել ժամանակակից որևէ մասնագիտություն ու առաջինը մտքիս կիբերանվտանգությունը եկավ», – պատմում է Անահիտն ու հիշում, թե ինչպես այս փնտրտուքների արդյունքում իմացավ 42-ի մասին` ընկերներից մեկից, որն այդ ժամանակ ծրագրավորման նորաբաց դպրոցի անվտանգության աշխատակիցն էր:

«Իհարկե, ուժերիս վրա վստահ չէի, ու միշտ մտածել եմ, որ, քանի որ մաթեմատիկայից շատ թույլ եմ, ինձ դա շատ է խանգարելու, բայց, այնուամենայնիվ, որոշեցի փորձել», – հիշում է նա:

Ավազանի փուլն, ըստ Անահիտի, ամենաբարդն էր: Երբեմն ամբողջ գիշերն անցկացնում էր դպրոցում, փորձում հետ չմնալ ու հնարավորինս շատ բան սովորել: Այս «չարչարանքներն» ի վերջո տվեցին իրենց արդյունքն ու Անահիտն անցավ հաջորդ փուլ` հիմնական ծրագիր, որի 60%-ը նույնպես արդեն հաղթահարել է:

«Միշտ ասել եմ` էստեղ պետք է մեծ կամքի ուժ ունենաս, չհանձնվես ու փորձես առաջ շարժվել: Մի բան էլ է շատ կարևոր` չպիտի ինքդ քեզ համեմատես ուրիշների հետ, որովհետև կան մարդիկ, ովքեր արդեն մասնագիտացած են ծրագրավորման մեջ ու այստեղ են գիտելիքները խորացնելու նպատակով։ Բայց եթե ինձ պես բոլորովին այլ ոլորտից եք եկել, դեռ չի նշանակում, թե չեք կարող, գուցե ավելի դանդաղ, բայց հաստատ կարող եք», – ասում է Անահիտը, որը, հաղթահարելով մասնագիտության կտրուկ փոփոխության բոլոր դժվարությունները, կարճ ժամանակում գտել է նոր աշխատանք` նոր ոլորտում («կիբերանվտանգություն=գաղտնիություն» սկզբունքով Անահիտի աշխատավայրը կմնա անանուն):

Անահիտը Թալինի շրջանի Արտենի գյուղից է: 42-ում սովորելու ընթացքում մի քանի ամիս ստացել է Հայ կրթական հիմնարկության տրամադրած կեցության կրթաթոշակը, ինչն, իր խոսքով, հեշտացրել ընթացքը` տալով հնարավորություն շատ ավելի հաճախ լինել դպրոցում:

42-ում Անահիտը ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական, այլև հաղորդակցման նոր հմտություններ: Նախկինում ավելի ինտրովերտ և չշփվող Անահիտն ինքն էլ է զարմանում, թե ինչքան թեթև է դարձել մարդկանց հետ շփումը. «Ավազանի ավարտին պետք է ասեինք, թե ինչ է փոխվել մեր մեջ, ես ասացի` ինտրովերտ մտա, էքստրովերտ դուրս եկա»:

Ապագայի մասին կանխատեսումներ չի փորձում անել, բայց մի բան հստակ է` կիբերանվտանգության ոլորտն իրենն է, և շարունակելու է խորացնել գիտելիքներն այս ուղղությամբ թե՛ 42-ում, թե՛ դրանից դուրս: Իսկ դպրոցի ապագա ուսանողներին Անահիտի խորհուրդը մեկն է. «Վստա՛հ եղեք ձեր ուժերի վրա, ամեն ինչ կստացվի»:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *