TUMO Labs

Shortcut դեպի ՏՏ ոլորտ

Shortcut դեպի ՏՏ ոլորտ

2020 թվականին, երբ Թումո լաբերը նոր էր սկսում իր գործունեությունը, շատ կարևոր էր, որ մեր նպատակներին ու առաքելությանը հավատային ինչպես ՏՏ ոլորտի գործընկերները, այնպես էլ երիտասարդները, որոնց ուղղված է ծրագիրը: Շուրջ երկու տարի անց հետհայաց նետելով` հասկացանք, որ գործընկերների և ուսանողների հարցում չենք սխալվել: Այս ընթացքում Թումո լաբերն անցկացրել է 22 նախագիծ 17 առաջատար ընկերությունների ու 3 համալսարանների հետ, իսկ ծրագրերում ընդգրկված են շուրջ 600 ուսանողներ:

Այս բլոգում մեր խոշորացույցի տակ են հայտնվել Թումո լաբերի առաջին ու ամենաակտիվ ուսանողներից տվյալագետ Սոնա Գաբրիելյանն ու ծրագրավորող Արթուր Սահակյանը, որոնք այս կարճ ժամանականակահատվածում հասցրել են առաջ շարժվել և՛ ուսումնական, և՛ գործնական ոլորտներում:

Մեքենայական ուսուցում սովորելու և իրական նախագծեր անելու ցանկությունը Սոնային բերեց Թումո լաբեր։ «Քանի որ համալսարանում հնարավորությունները սահմանափակ էին, որոշեցի դրանից դուրս փնտրել կրթական նախագծեր: Այդպես մասնակցեցի Լաբերի և HIC-ի «Թվային առողջապահություն» նախագծին»,- պատմում է Սոնան:

Play Video

Արթուր Սահակյանն առաջին մասնագիտությամբ դիվանագետ է, սակայն համալսարանն ավարտելուց հետո որոշել է շարունակել ավելի Թումոյում ձեռք բերած ծրագրավորման գիտելիքներ։ Այժմ Արթուրը սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի ինֆորմատիկայի բաժնում և մասնակցում տարբեր նախագծերի, այդ թվում` Թումո լաբերի և Osensus-ի «Ավտոմատացված Rigging և անիմացիա»-ին։ «3D Fascination սքաների հեղինակ Ալֆրեդ Վայցենաուերի հետ աշխատելը շատ մեծ փորձառություն էր ինձ համար: Սկզբում դժվարություններ ունեի, քանի որ խմբում միակ սկսնակն էի, բայց կարողացա բացը լրացնել ու հասնել թիմակիցներիս»,- ասում է Արթուրը:

Osensus-ի արդեն երկրորդ նախագծին միացավ նաև Սոնան: Ինչպես Արթուրն է ասում՝ այս մեկն առաջինի տրամաբանական շարունակությունն էր: Մի քանի ամսվա ուսումնասիրությունների, փորձարկումների, ձախողումների ու նորից փորձարկումների արդյունքում ուսանողները դասընթացավարների հետ կարողացան ստանալ կերպարները ավտոմատ ձևով անիմացնող ծրագիր:

Play Video

Սոնայի ու Արթուրի ճամփորդությունը Թումո լաբերում այսքանով չավարտվեց: Արթուրն այժմ սովորում է Լաբերի ինքնուսուցման ծրագրում, միաժամանակ իր ուժերը փորձում տարբեր նախագծերում ու ստարտափերում: Իսկ Սոնան մասնակցում է Լաբերի ու Krisp-ի «Տեքստի ամփոփում» նախագծին, որն իր կարիերայի համար շրջադարձային դեր ունեցավ. «Նախագծի ընթացքում դիմել էի աշխատանքի և Թումո լաբերում իրականացրած գործնական նախագծերը, հատկապես` այս մեկն օգնեցին ինձ ընդունվելու FAST` որպես մեքենայական ուսուցման հետազոտող ինժեներ»: 

Սա պատմություն էր Արթուրի ու Սոնայի մասնագիտական աճի մասին, որը միակը չէ Թումո լաբերում: Նման առաջընթաց ունեցող տասնյակ ուսանողներ կան, որոնց մասին դեռ կպատմենք, իսկ մինչ այդ աշխատում ենք տասնյակները հարյուրավորներ դարձնելու ուղղությամբ:

Previous Article