TUMO Labs

VXSoft-ի Mulberry 2.0 ծրագրի թարմացում Թումո լաբերի ուսանողների հետ

VXSoft-ի Mulberry 2.0 ծրագրի թարմացում Թումո լաբերի ուսանողների հետ

Դեռևս 2021 թվականին Թումո Լաբերը միավորեց ուժերը VXSoft-ի հետ՝ մի շարք գործնական նախագծեր առաջարկելու ուսանողներին, որոնք հետաքրքրված են տվյալների վերլուծությամբ և մեքենայական ուսուցմամբ: VXSoft-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Ռուբեն Մանուկյանի հետ ավելի մանրամասն կծանոթանանք այն նախագծերին, որոնց արդյունքում թարմացվել է VXSoft-ի Mulberry 2.0 ծրագիրը:

VXSoft-ը մասնագիտացած է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի ստեղծման մեջ, որի հիմնական արտադրանքը Mulberry ծրագիրն է: «Հայաստանում և արտերկրում կազմակերպություններն օգտագործում են ծրագիրը ՝ թղթաբանությունը վերացնելու և կազմակերպության ներսում էլեկտրոնային փաստաթղթերի հոսքը կառավարելու համար՝ միաժամանակ նվազեցնելով թղթի սպառումը», – ասում է Ռուբենը: Վերջին չորս տարվա ընթացքում Mulberry-ն ներդրվել է հինգ երկրներում` 12,000-ից ավելի բաժանորդ ունեցող ավելի քան 300 ընկերություններում:

2020-ին VXSoft-ը փնտրում էր ուսանողների, որոնք կցանկանային մասնակցել Mulberry ծրագրի մշակմանը և կատարելագործմանը, որն օգտագործվում է պետական մարմինների և բանկերի հարյուրավոր աշխատակիցների կողմից: «Մենք ցանկացանք համագործակցել համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների հետ և նախագծի հետազոտական մասը վստահել ուսանողների։ Ուսանողները կարող էին հետազոտությունն իրականացնել իրենց ավարտական թեզի կամ կուրսային աշխատանքի շրջանակում: Արդյունքում մենք դարձանք Թումո լաբերի գործընկերը, քանի որ նախագծահեն ուսուցումը հենց այն էր, ինչ մենք փնտրում էինք, իսկ լաբերի ինքնուսուցման ծրագրի ուսանողներն արդեն տիրապետում էին մեքենայական ուսուցման և տվյալագիտության հիմունքներին»,- մեկնաբանում է Ռուբենը։

Թումո լաբերի և VXSoft-ի համագործակցությունը կարծես կանխորոշված լիներ: Թումո լաբերը միշտ համագործակցում է տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ օգնելու ուսանողներին ձեռք բերել գործնական փորձ, և VXSoft-ը պատրաստ էր հանձն առնել այս առաքելությունը:

Փաստաթղթերի փոխանակումը Mulberry 2.0-ի հիմնական գործառույթներից մեկն է. ավելի քան 100 միմյանց միացված ինստալացիաներ, որոնք ամեն օր փոխանակում են կարևոր փաստաթղթեր: Նախագծերը սկսվել են հետազոտական փուլից, որտեղ VXSoft-ն իր տվյալները տրամադրել է Թումո լաբերի ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան խորը պատկերացում կազմել, թե որ ֆունկցիաներն են ամենից շատ անհրաժեշտ օգտատերերին, ինչն էլ իր հերթին կօգներ նրանց սկսել ծրագրի մշակումը:

Վերջին երկու տարվա ընթացքում VXSoft-ի հետ մենք գործարկել ենք հինգ նախագիծ, մեր ուսանողները օգնել են նաև թարմացնել ծրագիրը և ավելացնել հետաքրքիր նոր ֆունկցիաներ:

Հաճախորդների վարքագծի վերլուծության նախագծի շրջանակում ուսանողներին հանձնարարվել է վերլուծել օգտատերերի վարքագիծը՝ համոզվելու համար, որ ծրագիրն անվտանգ է։ VXSoft-ը օգտատերերի բոլոր կարևոր գործողությունները հավաքագրում է իր համակարգում` նրանց տրամադրելով ֆիլտրացիայի և վերլուծության գործիքներ: Ուսանողներն աշխատել են ծրագրում առկա կասկածելի գործունեության հայտնաբերման վրա` օգտագործելով մեքենայական ուսուցման մոդել, որն օգտագործում է DBSCAN ալգորիթմը և ուսումնասիրում է օգտատերերի ծանրաբեռնվածության կամ անգործության ժամանակահատվածները: 

Վերջնաժամկետների ավտոմատ առաջարկի համակարգի նախագիծն ամբողջությամբ ուղղված էր վերջնաժամկետների գնահատման համակարգի մշակմանը, որը թույլ է տալիս կանխել ծրագրի առաջադրանքների անհասանելի ժամկետները` վերլուծելով տրամադրված վերջնաժամկետների տվյալները: VXSoft-ն արդեն ուներ մի քանի տարվա տվյալներ բոլոր գործողությունների վերաբերյալ, որոնք ունեին վերջնաժամկետներ և գնահատականներ, ինչպես նաև դրանց չկատարման վիճակագրություն:

Որպես աշխատանքային հոսքի սահմանման օպտիմալացման նախագծի մի մաս, ուսանողները մուտքային չդասակարգված JSON մետատվյալները վերածեցին «առաջադրանքի», որը հայտնվում է Mulberry 2.0 ծրագրում: Ամեն անգամ, երբ փաստաթուղթը մուտք է գործում համակարգ, ծրագրի օգտատերերը պետք է ընտրեն «աշխատանքային հոսք» (ստացված տվյալների հիման վրա)՝ առաջադրանք ստեղծելու համար: Այս նախագծի հիմնական նպատակն էր վերլուծել աշխատանքային հոսքի սահմանումները` առաջադրանքների հոսքը օպտիմալացնելու և աշխատանքային հոսքից բոլոր չօգտագործված կամ ավելորդ հոսքերը առանձնացնելու համար:

Թումո լաբերի այս նախագծերի շնորհիվ VXSoft-ի Mulberry 2.0-ն ունի բազմաթիվ նոր գործառույթներ: Ի դեպ, Թումո լաբերի ուսանող Սասուն Թադևոսյանը User Behavior Analysis 2021 նախագծից հետո հրավիրվել է VXSoft` վճարովի պրակտիկայի իսկ ավելի ուշ ստացել է թիմին միանալու առաջարկ՝ որպես կրտսեր ծրագրային ինժեներ: «Թիմում բոլորն ամեն հարցով օգնում են, յուրաքանչյուր գիտելիքի պակաս լրացվում է նրանց շնորհիվ»,- ասում է նա: Սասունի մասին բլոգը կարող եք կարդալ այստեղ:

«Ինձ է շատ է դուր գալիս Թումո լաբերում ուսանողների` ինքնուսուցման միջավայրում գտնվելու փաստը: Նրանք ոչ միայն ունեն հետազոտական ուժեղ կարողություններ, այլև որոշել են ուսումնասիրել որոշ ոլորտներ ամբողջությամբ ինքնուրույն: Նրանք շատ ինքնուրույն են, և դա աշխատանքային գործընթացը դարձնում է չափազանց արդյունավետ», – ասում է Ռուբենը։

2023-ին Թումո Լաբերը սկսել է VXSoft Mulberry 2.0 ծրագրի համար նախատեսված ևս երեք նախագիծ, և մենք անհամբեր ենք տեսնել, թե ինչ նորարարական լուծումներ է ինժեներների նոր սերունդնառաջարկելու այս անգամ: