Վիկտորյա Մշեցյան․ ուղղորդված ինքնուսուցումից մինչև Service Titan

Մեր առաջին ուսանողներից Վիկտորյա Մշեցյանը երկար կրթական ճանապարհ է անցել։ Ուղղորդված ինքնուսուցումից սկսած մինչև նախագծային հիմք ունեցող ուսուցում, Վիկտորյան մասնակցել է Թումո լաբերի գրեթե բոլոր ծրագրերին։ Ավելին ասենք.վերջերս նա հաջողությամբ ավարտեց տվյալագիտության պրակտիկան իր երազանքի ընկերություններից մեկում՝ ServiceTitan-ում։
Վիկտորյան առաջին անգամ Թումո լաբերի մասին լսել է 42 Երևանի միջոցով, որը ֆրանսիական ծագում ունեցող կոդավորման անվճար դպրոց է՝ խորացված ծրագրավորման C լեզվի և կոդավորման հիմունքների վրա։ Այն ժամանակ նա երկրորդ կուրսի ուսանող էր։ Չնայած, որ Վիկտորյան ցանկանում էր մասնակցել 42 Երևանի դասընթացներին, նա չէր կարողանում դրան շատ ժամանակ հատկացնել։ Հենց այս ընթացքում էլ նա բացահայտեց ուղղորդված ինքնուսուցումը՝ ճկուն ու անվճար ծրագիրը 18-ից բարձր անձանց համար, որն առաջարկում է Python-ի, JavaScript-ի և մեքենայական ուսուցման դասընթացներ։
«Հասկացա, որ պետք էր խորացնել ծրագրավորման իմ գիտելիքները։ Այդպես դիմեցի Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագրին և սկսեցի Python-ից, հետո անցա մեքենայական ուսուցմանը։ Այդ ժամանակ երկրորդ կուրսի ուսանող էի և ցանկանում էի ավելի պրակտիկ փորձառություն ձեռք բերել»։
Չնայած, որ համալսարանում Վիկտորյան արդեն ծանոթացել էր Python-ին, ուղղորդված ինքնուսուցման տեսական մոդուլներն օգնեցին նրան ավելի լավ հասկանալ այն։ Արդյունքում նա սկսեց մասնակցել Թումո լաբերում տեղի ունեցող մինի նախագծերին, որոնք պրակտիկ ուսուցման հնարավորություն տվեցին նրան։

Երբ Վիկտորյային հարցրինք նախագծերի մասին, նա պատասխանեց․
«Մասնակցել եմ երեք նախագծերի։ Առաջինն SAP էր, որը համագործակցություն էր գերմանական ընկերության հետ և սրա շնորհիվ կարողացանք կառուցել համայնք։ Շատ հավես էր, քանի որ այն հսկայական նախագիծ էր, որն ուսումնասիրում էր օգտատերերի վարքագիծը։ Շատ բան եմ սովորել այս նախագծից։»
Հաջորդիվ Վիկտորյան աշխատեց VX Soft-ի հետ․
«Այստեղ աշխատեցի աշխատանքային հոսքի օպտիմիզացման վրա։ Այս նախագծի շնորհիվ VX Soft-ն ինձ տվեց երկամսյա պրակտիկաի հնավարորություն, որի ընթացքում կարողացա աշխատել իրական տվյալների հետ։»
Վիկտորյայի ամենավերջին նախագիծը Digital Explorers նախաձեռնությունն է, որը կապում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին ընկերությունների հետ՝ ողջ աշխարհով։
«Քանի որ ցանկանում էի մնալ Հայաստանում, վստահ չէի, որ կկարողանայի մասնակցել Digital Explorers-ին։ Նույն ժամանակ լսեցի օնլայն նախածի մասին և դիմեցի դրան։ Բայց հետո հիանալի մի բան պատահեց։ Նամակ ստացա ServiceTitan-ից, որն ինձ առաջարկում էր տեխնիկական հարցազրույց Digital Explorers նախագծի միջոցով։ Սա հսկայական մի բան էր, քանի որ այն ինձ համար Հայաստանի ամենամեծ IT ընկերություններից է։»
Այս նորությունից հետո, Վիկտորյային ավելին էր սպասում։ Օնլայն դպրոցը, որին նա դիմել էր կապ հաստատեց նրա հետ և տեղեկացրեց, որ ցանկանում էին Վիկտորյային տեսնել իրենց դպրոցում ու առաջարկեցին ամբողջական կրթաթոշակ։

Այժմ Վիկտորյան հմտանում է մեքենայական ուսուցման մեջ ServiceTitan-ում՝ միաժամանակ սովորելով ավելին տվյալագիտության մասին օնլայն դպրոցում և համալսարանում։ Ազատ ժամանակ նա սիրում է նվագել հարվածային գործիքներ։ «Երբեմն զանգում են ստուդիա և մեկ ժամով գնում եմ այնտեղ՝ նվագելու։»
Չնայած Վիկտորյայի զբաղվածությանը, նրա աշխատասիրությունը, բաց միտքը և սովորելու նվիրվածությունը նրան հասցնում են իր նպատակներին։ Սպասենք և տեսնենք, թե որն է նրա հաջորդ նպատակակետը։

Recent Posts
- Գաղափարից ազդեցություն. Avitráge-ի մեկնարկը Թումո լաբերում
- Վիկտորյա Մշեցյան․ ուղղորդված ինքնուսուցումից մինչև Service Titan
- Տարոն Հարությունյանն ընտրել է համալսարանի այլընտրանքը, որը հաջողել է
- Հարց ու պատասխան AgriTech մենթոր Լևոն Մինասյանի հետ
- Կատարյալ եռյակ՝ դոկտոր Նիկոլայ Բորիսով, Vivan Therapeutics և Թումո լաբեր
