Հարթի՛ր ճանապարհ երիտասարդների համար
Թումո լաբերը յուրահատուկ հնարավորություն կարող է ընձեռել այն կազմակերպություններին կամ հետազոտական կենտրոններին, որոնք փնտրում են տաղանդներ և ցանկանում են ճանապարհ հարթել երիտասարդների համար, կապ հաստատել տեղացի և միջազգային մասնագետների հետ։
Թումո լաբերը ընկերություններին և հետազոտական կենտրոններին առաջարկում է համագործակցության 3 ուղղություն․
1) Կորպորատիվ նախագիծ
Նախագծի բնույթը բխում է գործընկեր կազմակերպության պահանջներից և կարիքներից։ Սակայն թեմայի ընտրությունը և իրականացման նպատակները պետք է լինեն այնպիսին, որ նախագծի ավարտից հետո հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ։ Բացի այդ նախագիծը պետք է նպաստի հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։
2) Համաֆինանսավորվող նախագիծ
Այն գործընկերներին հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ցանց և տեղեկատվության փոխանակման տարբեր հարթակներ։ Այս դեպքում պարտադիր է, որ նախագծի ավարտին ուսանողները գրեն գիտական աշխատանքներ՝ հրատարակություններ կամ թեզեր։ Համաֆինանսավորվող նախագծերի շրջանակում կարող են ներգրավվել տարբեր կազմակերպություններ՝ համալսարաններ, վերլուծական֊հետազոտական կենտրոններ, մասնավոր ընկերություններ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կֆինանսավորվեն Թումո լաբերի, ընկերությունների, ՀԿ֊ների կամ պետական կառույցների կողմից, ինչպիսին է օրինակ՝ Եվրոպական միությունը։
3) Հետազոտական և ուսուցանող թիմ
Անհատ մասնագետներ կամ ընկերություններ հնարավորություն ունեն կամավոր աշխատել նախագծի ղեկավարի հետ աշխատող թիմում՝ օգնելու առաջադրանքներ տալու կամ հետազոտություն անցկացնելու հարցում։ Թիմի անդամ կարող են դառնալ փորձառու մասնագետներ, ընկերությունների աշխատակիցներ, ինչպես նաև գիտական աշխատանք գրող ու արդեն գիտական աստիճան ունեցող երիտասարդ մասնագետներ։
Գործընկեր դառնալու համար կարող եք լրացնել այս համագործակցության ձևաթուղթը, իսկ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք գրել eutumocc@tumo.org էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Թումո լաբերի հետ համագործակցություն»։