Թումո լաբեր և SAP. ուսումնասիրելով և վերլուծելով տվյալները

Գերմանական SAP-ն ծրագրային ապահովման ոլորտում աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, որն օգնում է բոլոր չափերի և ոլորտների ընկերություններին լավագույնս աշխատել: Մեկ այլ փա՞ստ. աշխարհում կատարվող գործարքների եկամուտների 77% -ն այս կամ այն կերպ առնչվում է SAP համակարգի հետ: Ե՞վս մեկը. SAP-ն և Թումո լաբերն արդեն տևական ժամանակ է համագործակցում են` իրականացնելով բացառիկ ծրագրեր Թումո լաբերի ուսանողների համար:
Այս շարունակական համագործակցության շրջանակում SAP-ն այս անգամ «հրավիրեց» Թումո լաբերի ուսանողներին` միանալու իրենց նորարարական հետազոտական մարտահրավերներին: Ուսանողները հնարավորություն ունեցան իրականացնել հետազոտություն` ընտրելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընդլայնված մուտքի վերահսկումը, ինքնասպասարկման ապագան և ընդլայնված պլանավորումն ու վերլուծությունը:
19-ամյա Արևիկ Արմենակյանն, օրինակ, ընտրել էր ուսումնասիրել մուտքի վերահսկման և կառավարման համակարգերի նոր միտումներն ու կատարել արդյունաբերերական շուկայի վերլուծություն, քանի որ այս մարտահրավերի նախադրյալն էր բիզնեսով հետաքրքրված լինելը, իսկ Արևիկը չունի դրա պակասը:
«Սա լավ հնարավորություն էր զարգացնելու նաև իմ հաղորդակցման հմտությունները, քանի որ հետազոտություններն անցկացնելուց հետո անհրաժեշտ էր այն բանավոր ներկայացնել ոչ միայն SAP-ի ներկայացուցիչներին, այլև մեր ընկերներին: Կա էսպիսի մի խոսք` «եթե կարողանում ես բացատրել, ուրեմն լավ ես հասկանում», և հենց սրանով էլ առաջնորդվեցի»,- պատմում է Թումո լաբերի առաջին սերնդի ուսանողը:
Ծրագրում ներգրավվելուց հետո ուսանողների համար կազմակերպվեցին տարբեր դասախոսություններ, օնլայն և օֆլայն հանդիպումներ SAP Startup Factory-ի մասնագետների հետ: Այս հանդիպումների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը և պատրաստվել` ընդունելու մարտահրավերը:
Լուսանկարներ Թումո լաբերի և SAP-ի` ուսանողների հետ հանդիպումների շարքից
«Տվյալների խախտումները և չարաշահումները մեծ խնդիր են ամբողջ աշխարհում. իմ հետազոտությամբ որոշեցի հասկանալ` արդյոք կան մեթոդներ, որոնք արգելում են սա կամ խոչընդոտում են նման խախտումները: Երբ սկսեցի, հասկացա, որ զարգացած աշխարհում շատ նորարարություններ են առաջ եկել, որոնց մասին նույնիսկ չէի լսել մինչ ծրագրի մեջ ներգրավվելը: Օրինակ` կա կենսաչափական մուտքի վերահսկումը, որը ստուգում է կենսաչափական գործոնները: Ուսումնասիրել և խոսել եմ նաև մուտքն ու ելքը ամպային համակարգով կառավարելու մասին», – պատմում է Արևիկը:
Նախկինում 42 Երևանի՝ այժմ Թումո լաբերի ուսանողներ Նորայր Մուրադյանն ու
Միլենա Մովսիսյանն էլ, որոնք նոր-նոր էին ծանոթացել, երբ SAP-ն և Թումո լաբերը հայտարարեցին մրցույթի մասին, շատ արագ հասկացան, որ նույն ոլորտով` տվյալագիտությամբ, են հետաքրքրված և որոշեցին միասին դիմել:
«Մեր նախագծի համար ընտրեցինք «Ինքնասպասարկման ապագան»: Այս մարտահրավերին երևի ամենաշատն էին դիմել, քանի որ այն բացի հետազոտությունից ուներ նաև տեխնիկական մասեր: Մեզ շատ հետաքրքիր էր կատարել տվյալների վերլուծություն, որին, ի սկզբանե, այնքան էլ լավ չէինք տիրապետում և ծանոթացանք նախագծի իրականացման ընթացքում: Մեկ մեծ ձախողում ունեցանք ու ստիպված էինք զրոյից նոր բան սկսել շատ կարճ ժամանակում, բայց էլի ստացվեց, ու նույնիսկ այդ ձախողումը շատ պետքական փորձառություն էր: Տվյալների ոլորտ մտնելու համար այս նախագիծը շատ օգտակար էր»,- պատմում է Միլենան:
Ֆինանսների ոլորտում աշխատանքային մեծ փորձ ունեցող 27-ամյա Վարդինե Սարգսյանը, որը նորեկ է Թումո լաբերում, կարիերայի հարցում մեծ փոփոխությունների փնտրտուքներում էր, երբ տեսավ մրցույթի հայտարարությունն ու որոշեց փորձել ուժերն` ընդունելով «Ինքնասպասարկման ապագան» մարտահրավերը:
«Հետազոտությունն անելիս ծանոթացա personalization, hyper-personalization երևույթների հետ, իմացա, թե որտեղից են տվյալներ վերցնում, ինչպես է Data privacy-ն կարգավորվում և այլն: Ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր»,- պատմում է Վարդինեն:
Նախագծերն ավարտելուց հետո ուսանողները ներկայացրել են դրանք` պատմելով անցած փուլերի, կատարած քայլերի մասին, լսել մասնագետների կարծիքներն ու գնահատականը: Իսկ SAP-ի հետ Թումո լաբերի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով և մարտահրավերներով` շատ շուտով:
